ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մենք զերծ չենք մնում անակնկալներից

Մենք զերծ չենք մնում  անակնկալներից
22.06.2012 | 12:21

Մայիս ամսին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր նոր` Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացմամբ հանդես է եկել Լոնդոնի «Globe to Globe» շեքսպիրյան համաշխարհային փառատոնում: Լոնդոնյան հանդիսատեսը, թատերական աշխարհն ու մամուլը դրականորեն են արձագանքել հայկական թատերախմբի ելույթին: Մասնավորապես արտահայտվել են այսպիսի կարծիքներ. «Եվրոպական պատերազմի մասին Շեքսպիրի պիեսի հայաստանյան տարբերակը բոլոր առումներով կատարյալ և ավելին է: «Աշխարհը Գլոբին» ծրագիրը բախտավոր պետք է լինի` ականատես լինելով նման տեսարանների» (Theatre reviews): «Գուցե Շեքսպիրն այն գրել է որպես ողբերգություն, սակայն այս երեկոյի ներկայացումը անընդմեջ ցուցադրում է կատակերգությունը ողբերգությունում» (Guardian):
Հունիսի 20-ին սունդուկյանցիները` թատրոնի գլխավոր ռեժիսոր և «Ջոն արքայի» բեմադրիչ Տիգրան Գասպարյանի ղեկավարությամբ, հայաստանյան հանդիսատեսի դատին հանձնեցին Լոնդոնում հաջող քննություն բռնած ներկայացումը:
Դահլիճում էր ոչ միայն մշակութային, այլև քաղաքական ընտրախավը: Ներկայացումը դիտելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պետական այլ պաշտոնյաներ:
Ներկայացմանը նախորդեց կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի ելույթը, որում ոչ միայն արժևորվեց մայր թատրոնի նոր ներկայացումը, այլև հիշատակվեց 30 տարի առաջ Խորեն Աբրահամյանի բեմադրած «Ջոն արքան»` Սոս Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ: Բանախոսը նշեց, որ մայր թատրոնի 90-ամյա հոբելյանի տարում նման ներկայացում բեմադրելը հատկանշական է և, հիրավի, արժանի գործ է պատմություն ու ավանդույթներ ունեցող թատրոնի համար: «Յուրաքանչյուր թատրոն կերտում է իր պատմությունը, բայց ամեն թատրոն չէ, որ իր պատմությունը կարողանում է վերածել լեգենդի,- մասնավորապես ասաց Դ. Մուրադյանը:- Սունդուկյանի անվան թատրոնի ուղին լեգենդար է, այդ պատմությունն ասպետական հետագիծ ունի մեր գիտակցության և հիշողության մեջ, ինչը և պարտադրում է ունենալ դրան արժանի ներկա»:
Ներկայացումն արված էր լոնդոնյան փառատոնի յուրահատուկ նախապայմանների համատեքստում` դերասանական փոքրաթիվ կազմ, տեքստի և ռիթմի խտացում, միայն կենդանի երաժշտություն, արհեստական լուսավորության բացակայություն` համահունչ Շեքսպիրի ժամանակներին: Նշենք, որ բեմադրող ռեժիսոր Տիգրան Գասպարյանը հնարամտորեն էր լուծել իրեն առաջադրված շեքսպիրյան առաջադրանքը: Եվ անսպասելի ու արտառոց քայլ էր կատարել կենդանի երաժշտության հարցում: Քանի որ հայկական իրականության մեջ «ամենակենդանի» երաժշտության պարագան զուգակցվում է դուդուկի, զուռնայի, դհոլի և հայկական պարեղանակի հետ, ապա իբրև Շեքսպիրի ոգին կենդանի պահելուն նպաստող հանգամանք` բեմադրության մեջ ներառվել էին նշածս գործոնները, որոնց գործի դրվելուն պես` հայավարի ակտիվանում էր հանդիսատեսն ու մի պահ մոռանում Շեքսպիրի մասին և տրվում հայկական տաշի-տուշիի ռիթմիկ ծափահարումներին:
Բավական ինտելեկտուալ հանդիսատեսի պարագայում էլ, փաստորեն, մենք զերծ չենք մնում անակնկալներից: Նախ հանդիսատեսը կցկտուր ու անհարկի ծափահարեց, երբ դահլիճ մտավ ՀՀ նախագահը, ապա` բուռն ու տեղին, երբ հնչեցին Խորեն Աբրահամյանի և Սոս Սարգսյանի անունները, հետո էլի կցկտուր, բայց տեղին, երբ Ջոն արքան (Արմեն Մարության) դատողություններ էր անում արյան ու սայթաքուն հենքի վրա իշխանության եկած արքաների մասին:
Ինչևէ, պրեմիերան կայացավ, հայ թատերասերները հնարավորություն ունեն վայելելու նոր ու ինքնատիպ շեքսպիրյան մի ներկայացում մայր թատրոնի բեմում: Իսկ մենք առաջիկայում մեր կայքում կզետեղենք այդ ներկայացման լոնդոնյան բեմելի մասին պատմող տեսանյութ` Տիգրան Գասպարյանի մասնակցությամբ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ